Mobirise

Հայ ժողովրդի մշակութային հոգևոր կյանքին 10-րդ դարում նոր շունչ հաղորդած «Մատյան ողբերգություն» պոեմը մշտապես հետաքրքրության առարկա է եղել թե՛ բանասերների, թե՛ փիլիսոփաների, թե՛ հոգևորականների համար: «Մատյանը», որ պահվել է սրբազան մասունքի նման, փոխանցվել է սերնդեսերունդ, ըստ մատենագիրների վկայության՝ հիվանդներ է բուժել:

Այն թարգմանվել է աշխարհի տարբեր լեզուներով, լուրջ ուսումնասիրության առարկա է դարձել հայ և օտարազգի բազմաթիվ հայտնի գիտնականների համար: Յուրովի և ինքնատիպ է «Մատյան»-ի հոգեբանական տեսանկյունից դիտարկումը և ուսումնասիրությունը, քանզի այն նպատակաուղղված է բացահայտելու պոեմի՝ մարդու վրա ունեցած ազդեցությունը: Դեռևս Մանուկ Աբեղյանը Նարեկացուն համարում էր առաջին հոգեբույժը, իսկ նրա «Մատյանը»՝ առաջին հոգեբուժության գիրքը: Նարեկացու «Մատյանը» մի քավարան է, որը մարդուն օգնում է ճանաչել ինքն իրեն. տանում է ինքնաճանաչման և ինքնամաքրման: «Մատյան ողբերգություն» անվանումը արդեն իսկ հուշում է նրա երաժշտականության մասին: Երաժշտության միջոցով արտահայտվում են մարդկային հոգևոր աշխարհի գրեթե բոլոր վիճակները: Երաժշտության միջոցով մարդ կարող է հաղորդվել հոգին պայծառացնող ոլորտների հետ, երբ ընկալողը և ընկալումը միաձուլվում են մեկ ամբողջական իրականության մեջ: «Մատյանը» ավելի ազդեցիկ է, երբ այն հնչում է գրաբարով, քանի որ թարգմանելիս փոփոխություններից խուսափելն անհնար է, և դրանց հետևանքով նվազում է ներգործելու ուժը: Նարեկացու երկը ոչ միայն երաժշտաթերապիայում է կիրառելի, այլ նաև բիբլոթերապիայում: Թերապիայի այս տեսակը արտթերապիայի ուղղություններից է, ինչպես երաժշտաթերապիան: Այն օգնում է այցելուին դրականորեն վերակառուցել սեփական անձը հատուկ ընտրված գրական ստեղծագործության միջոցով: Բիբլոթերապիան նպաստում է անձի հոգևոր աճին: Թերապիայի նպատակներից են հիվանդին հիվանդության մասին ինֆորմացիա տալը, օգնել դուրս գալ այդ իրավիճակից, նոր արժեքներ ստեղծել, հարաբերություններ կառուցել, օգնել հիվանդին գիտակցել, որ նա մենակ չէ, ուրիշները ևս հայտնվում են տվյալ իրավիճակում, և գրքի միջոցով ցույց է տրվում, թե ինչպես են հաղթահարել մյուսները համանման իրավիճակը, խնդիրները:

website design templates
Mobirise

«Մատյանը» կարելի է դիտել,և՛ որպես սուգեստիվ մեթոդ, քանի որ այն լսելու համար կարևոր գործոն է մարդու նախատրամադրվածությունը, և՛ որպես ինքնագիտակցման ու ինքնամաքրման ճանապարհ, և՛ որպես օգնող մեթոդ բժշկության մեջ: Դեռևս Պարացելսն ասում էր, որ բոլոր հիվանդությունները, չհաշված մեխանիկական վնասվածքները, գալիս են ոգու պակասից: Նարեկացու «Մատյանը» մեթոդ է, որն օգնում է լրացնել մարդու ոգու պակասը:

Բուժման գործընթացում կարևոր է խոսքը: Ավինցենան գրում է, որ բժշկի համար բուժիչ կարևորագույն միջոցներից առաջինը խոսքն է: Խոսքով կարելի է առարկայական իրականության և մարդու ներաշխարհի մեջ բազում փոփոխություններ առաջացնել: Հովհաննեսի ավետարանում հենց սկզբում գրված է «Ի սկզբանէ էր Բանն եւ Բանն էր առ Աստուած. Եւ Աստուած էր Բանն» ՅՀ Ա1-3: Սկզբնապես մարդ ընկալում է խոսքը և ընկալած խոսքից տպավորվում է, ապա նրա մեջ սկսում է հոգեբնախոսական փոփոխությունների ընթացք, որի տևողությունը կախված է այն ընդունողի կողմից արժևորված լինելու հանգամանքից: Խոսքի ներգործությունը պատմականորեն կապված է նաև արվեստանինջի՝ հիպնոսի, մոգության, թաքանագիտական՝ օկուլտ, ուսմունքի հետ: Խոսքաբուժության կարևոր տարրերն են խոսքի բովանդակությունը և հավատքի մակարդակը, այսինքն՝ ենթակայական մի վիճակ, որ համապատասխան հակում և դիրքորոշում է առաջ բերում հիվանդի մոտ: Որպեսզի խոսքը լինի ներգործական, այն պարզ բառերից պետք է դառնա գաղափար: Գաղափարները իրականության շարժիչ ուժերն են: Նարեկացին գերազանց է իմացել խոսքի ներգործական ուժի և եղանակների մասին: Նա այդ ամենը ակնարկում է ԻԶ և ԻԷ Բաներում:

Mobirise

Նարեկացին «Մատյանը» գրել է առաջին դեմքով, սակայն ընթերցելիս կամ լսելիս թվում է՝ ինքդ ես Նարեկացու փոխարեն: Միշտ կլինի մի հատված, որի մեջ մարդն ինքն իրեն կտեսնի: Ընթերցողը սկսում է նույնականանալ կերպարի հետ և սկսում կատարսիս ապրել: Կատարսիսը հունարեն թարգմանաբար նշանակում է մաքրում: Արիստոտելը պնդում էր, որ կատարսիսը աֆեկտների բժշկական մաքրում է: Արվեստը պետք է կարողանա աֆեկտները առաջացնել անցավ, ինչն էլ կտանի մաքրման՝ կատարսիսի, այսինքն՝ լիցքաթափման:

Արդյունքում աֆեկտները որոշ ժամանակով հեռացվում են հոգուց: Մարդկային ներաշխարհը ստեղծագործության նյութ դարձնելու տեսակետից Նարեկացին ավելի առաջ է անցել Դանթեից,այն ժամանակ, երբ Դանթեն կյանքի հանգամանքները արտացոլող ողբերգականը արտահայտել է գերազանցապես հերոսների արտաքինով` ֆիզիկական տանջանքների պատկերներով, Նարեկացին այն ներկայացրել է մարդկային ներքին-հոգեկան բարդ ու հակասական ապրումների միջոցով, որոնք այսօր ուսումնասիրվում են հոգեբանության մեջ՝ տագնապ, դեպրեսիա և հոգեսոմատիկ անվան տակ: Նարեկացին ապաշխարհում է ողջ մարդկության անունից և իր անձով ներկայացնում ողջ մարդկության տանջանքները: Նարեկացին ոչ միայն իր ստվերն է ինտեգրում, այլ նաև ողջ մարդկության ստվերը: Նա գրում է. «Ես եմ համայնը և ամենքինն են պարփակված իմ մեջ»: Նարեկացու մատյանի նպատակն է մարդու մարմինն ու հոգին բժշկելը, Նարեկացու «Մատյանը» ազդում է բոլոր դաշտերի վրա, թե′ ֆիզիկական, թե′ հուզական, թե′ մտավոր, թե′ հոգևոր: Բուժելով հոգին՝ սկսում է ազդել մտքի և հույզերի վրա, կարգավորելով միտքն ու հույզերը՝ կարգավորվում է մարմինը: Յուրաքանչյուրը հույսը պետք է դնի իր վրա, բայց ոչ այն իմաստով, որ ինքը կարող է փրկել իրեն: Առանց Աստծու չի կարող լինել փրկություն: Սակայն առանց մեր օգնության, մեր ճիգ ու ջանքի, Աստված «չի կարող» փրկել մեզ: Այդ խիզախ քայլը պետք է սկսվի ինքնադիտարկումից ու ինքնավերլուծությունից, սեփական ես-ի բարոյական դիմագծի անաչառ գնահատումից, կատարած և մտածելիք մեղքերի անկեղծ խոստովանությունից, զղջումից և ապաշխարումից, որը շատ նման է Յունգյան ինքնաակտուալիզացիայի պռոցեսին: Յունգն ասում էր, ով նայում է դուրս տեսնում է երազներ, իսկ ով նայում է իր ներս, լուսավորվում է, և ավելացնում՝ հոգեթերապիան նույն խոստովանության կարգն է ուղղակի առանց մեղքերի թողության: Այսինքն՝ մատյանը մի միջոց է, որը մարդուն օգնում է հասնել ինքնիրացման:

Mobirise

Ամփոփելով հոդվածը՝ պետք է ասել, որ Նարեկը ազդում է մարդու աշխարհընկալման վրա, փոխում վերաբերմունքը ինքն իր հանդեպ, մարդկանց և շրջակա աշխարհի հանդեպ: Ոմանց համար էլ Նարեկը ինքնազննման և ինքնաճանաչման ճանապարհ է, որը բերում է կյանքին նոր իմաստներ և արժեքներ: «Մատյանը» ընկալվում է մեր անգիտակցականի կողմից և տարբեր կերպ է մարդ արձագանքում: Մեկը տխրում է, մյուսը ուրախության ապրումներ ունենում, մեկի մոտ արթնանում են վախերը, մյուսի մոտ՝ ագրեսիա, երբեմն մարդ կարող է թեթևություն զգալ, երբեմն էլ ունենալ սոմատիկ դրսևորումներ, որոնք կարող են դիագնոստիկ նշանակություն ունենալ: